Ի՞նչ է կատարվում Թուրքիայում: Չորս տարի առաջ Արևմուտքը Թուրքիայում տեսնում էր ժողովրդավարության օրինակ մուսուլմանական աշխարհի համար՝ ժողովրդավարություն (թեպետ ոչ առանց թերությունների), որ ԵՄ անդամակցության բանակցություններ էր վարում և շարժվում էր քրդական փոքրամասնության հետ խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այդ երկիրը համարվում էր կայունության կղզյակ Մերձավոր Արևելքի արագ փոփոխվող իրականության համապատկերում: Ճիշտ է, տեղում քննադատները վստահ են, որ ի սկզբանե պատկերացումները խաբուսիկ էին:
Այս շաբաթ ոչ կառավարական World Justice Project կազմակերպությունը իր ամենամյա «Օրենքի գերակայության ինդեքսում» Թուրքիային տվեց 99-րդ տեղը 113-ից՝ Իրանից ու Բիրմայից հետո: Թուրքիան նորից ճանաչվել է երկիր, որտեղ մյուսներից շատ են ճաղերի հետևում հայտնվում լրագրողները: Մի քանի վերլուծաբաններ, որոնցից ես հարցազրույց խնդրեցի այս հրապարակման համար, չցանկացան, որ իրենց մեջբերեմ՝ վախենալով պատժից: «Սա ժողովրդավարության վախճանն է,- ասաց ինձ քրդամետ ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Խիշյար Օզսոյը:-Մեզ մոտ ժողովրդավարությունն առանց այդ էլ քիչ էր, բայց նույնիսկ եղած կղզյակներն էլ իսպառ ջնջվել են»:
Ի՞նչ կատարվեց անցած շաբաթ
Երկու քաղաքական գործիչներ, որ համատեղ վարում էին Դիարբեքիրի քաղաքապետի պաշտոնը, որտեղ մեծամասնությունը քրդեր են, ձերբակալվել են Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների հետ կապերի կասկածանքով, որին Թուրքիայի իշխանությունն ու Արևմուտքը համարում են ահաբեկչական կազմակերպություն:
Եվս 10 000 պետական ծառայողներ ազատված են աշխատանքից ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլա Գյուլենի հետ ենթադրվող կապերի համար, ում Անկարան կասկածում է պետական հեղաշրջման կազմակերպման մեջ: Հուլիսից Թուրքիայում աշխատանքից ազատվել է 100 000 մարդ:
Ձերբակալվել են Անկարայում ապրող 137 գիտնականներ՝ դարձյալ Գյուլենի հետ կապերի մեղադրանքով: Հուլիսից ձերբակալվել է 37000 մարդ:
Փոխվել է համալսարանների ռեկտորների ընտրության օրենքը՝ հետայսու նրանց նշանակելու է նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, իսկ առաջ ընտրում էին համալսարանում:
Փակվել է 15 մեդիա՝ հուլիսից արգելված ԶԼՄ-ները դարձան 170:
Թուրքիայի հնագույն Cumhuriyet թերթի խմբագիրը, ծաղրանկարիչը և մի քանի աշխատակիցներ ձերբակալվեցին ՔԱԿ-ին ու անձամբ Ֆեթուլլա Գյուլենին աջակցելու մեղադրանքով: Cumhuriyet-ը միշտ համարվել է աշխարհիկ կյանքի պաշտպանության հենակետ և պարբերաբար դատապարտել է քրդերի ռազմատենչությունն ու Գյուլենի ղեկավարած «Իսլամական շարժումը»:
Ազգային մեծ ժողովի մեծությամբ երրորդ քաղաքական կուսակցության՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավարները և մի քանի պատգամավորներ ձերբակալվեցին ՔԱԿ-ի հետ կապերի կասկածանքով: Կուսակցության կողմնակիցները կարծում են, որ փորձ է արվում ընդդիմադիր կուսակցությունը հեռացնել խորհրդարանից և ամրապնդել Էրդողանի ազդեցությունը: Ձերբակալություններից մի քանի ժամ անց Դիարբեքիրում ավտոմեքենա պայթեց, որի հետևանքով ինը զոհ եղավ: Իշխանությունները մեղադրեցին ՔԱԿ-ին, թեպետ «Իսլամական պետությունը» ստանձնեց պայթյունի պատասխանատվությունը:
Կառավարության որոշումով անջատվեց ինտերնետը Թուրքիայի հարավ-արևելքում, արգելակվեց WhatsApp, Twitter սոցկայքերի աշխատանքը, արհեստական դանդաղեցվեց մասնավոր բջջային կապը, որն անհնար դարձրեց օգտագործելը:
Թուրքական լիրան ԱՄՆ դոլարի համեմատ ռեկորդային անկում ապրեց:
ԵՄ-ի և հատկապես Եվրախորհրդարանի նախագահի քննադատությանը, որ Թուրքիան հատել է «կարմիր գիծը», վարչապետն արձագանքեց շատ կտրուկ. «Եղբայր, մենք ձեր «կարմիր գծի» հետ գործ չունենք, մենք նկարում ենք ուրիշ «կարմիր գիծ»՝ ձերինից բարձր». Իսկ նախագահը Գերմանիային մեղադրեց ահաբեկիչներին թաքցնելու մեջ:
Բռնակա՞լ, թե՞ փրկիչ
Դեռ ժողովրդավարությո՞ւն է Թուրքիան: Ինչպես միշտ՝ պատասխանը կախված է նրանից, թե ո՞ւմ եք ուղղում հարցը այդ բևեռացված երկրում: Հեղաշրջման փորձին հետևած զտումների զոհերը, աջերը, սեկուլյարիստներն ու Էրդողանի քննադատները համարում են, որ ժողովրդարությունը վաղուց վախճանվել է, երբ նախագահը, բախվելով ընդդիմության աճին, արտաքսեց կամ դատեց իր ընդդիմախոսներին և սկսեց հենվել գերլոյալ կողմնակիցների նեղ շրջանակի վրա: Երկրի մյուս հատվածը, իսկ երկիրը գործնականում հավասար մասերի է բաժանված, երկրպագում են մարդուն, որ նրանց կարծիքով փոխել է Թուրքիան դեպի լավը, բայց աշխարհում մնացել է չհասկացված: Նրանք կարծում են, որ Արևմուտքը ամբողջությամբ չի ընկալում ահաբեկչական սպառնալիքի մասշտաբները, որ բխում են ՔԱԿ-ից, «գյուլենականներից», նաև Թուրքիայի անհաջող աշխարհագրական դիրքի բերումով՝ Սիրիայի ու Իրաքի հետ ընդհանուր սահմանից:
Ամենուր փաստարկ է բերվում, որ բոլոր քաղաքական գործիչները կոռումպացված են, բայց, գոնե, այս նախագահը հավասարեցրել է բնակչության աստվածավախ հատվածի իրավունքները, կառուցել հիվանդանոցներ և դպրոցներ, այն ուժեղ առաջնորդն է, որ անհրաժեշտ է թուրքերին:
Հուլիսի 15-ի գիշերը կառավարությունն ու իր կողմնակիցները ներկայացնում են իբրև Թուրքիայի ժողովրդավարական հասունության խորհրդանիշ՝ 240 մարդ սպանվեց փողոցներում՝ փորձելով դիմակայել տանկերին ու հեղաշրջման կազմակերպիչներին, նրանք թույլ չտվեցին ռազմական հեղաշրջում կատարվի, որ կդառնար հինգերորդը Թուրքիայի պատմության մեջ և բարձրաձայն հայտարարեցին, որ թուրքերը իրենց ղեկավարներին ընտրելու են քվեատուփերի առաջ, ոչ թե ինքնաձիգի փողի տակ: Սակայն այդ գիշեր պաշտպանված ժողովրդավարության տեսակը բուռն վեճեր է հարուցում: Միասնությունը հեղաշրջման դեմ և միասնությունը ի պաշտպանությոն կառավարության՝ նույնը չեն: Ընտրություններն առաջվա նման անցնում են համեմատաբար ազատ, բայց բնավ էլ ոչ ազնիվ: Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը լիակատար գերակայում էր մամուլում ընտրարշավի ժամանակ և նրան մեղադրում են ընտրողներին վախեցնելու մեջ: Դեռ կան լրատվամիջոցներ (ճիշտ է՝ ավելի ու ավելի քիչ), որ չեն աջակցում կառավարությանը:
Թուրքիան մնում է ՆԱՏՕ-ի կարևոր անդամ, թեպետ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները արագ վատանում են ԻՊ-ի դեմ կռվող սիրիացի քրդերին Վաշինգտոնի աջակցության պատճառով: Թուրքիան չներառվեց կոալիցիայի կազմում, որ ազատագրում է Մոսուլը, Բաղդադի հետ իր լարված հարաբերությունների պատճառով:
Թուրքիան կարևոր գործընկեր է, որին կորցնել Արևմուտքը չի կարող իրեն թույլ տալ: Բայց երբ հարցը վերաբերում է ժողովրդավարության պատկերացումներին, Թուրքիայում երկու տարբեր իրականություններ են առաջ գալիս և յուրաքանչյուր ճամբար ունի իր փաստարկները, առավել ու առավել քիչ են շանսերը, որ այդ ճամբարները միմյանց կհասկանան ու կհատվեն երբևէ:
Մարկ ԼՈՈՒԵՆ, BBC
Հ.Գ. Եվրոպան, որ աջակցում է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, ահաբեկչության պաշտպան է՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: «Եվրոպան ընդհանուր առմամբ ահաբեկչության աջակից է, չնայած նրանք ընդունում են, որ ՔԱԿ-ը ահաբեկչական կառույց է, բայց մենք տեսնում ենք՝ որքան ազատ ու հարմարավետ են իրենց զգում ՔԱԿ-ի անդամները Եվրոպայում»՝ ասել է Թուրքիայի նախագահը: Նա հավելել է, որ ՔԱԿ-ից իշխանությունների առգրավված զենքերը երկիր են գալիս Եվրոպայից: Քրդական հարցը Թուրքիայում առանցքային է, բնակչության 20 % կազմող քրդերին Անկարան չի համարում ազգային փոքրամասնություն և չի ճանաչում նրանց իրավունքները: Քրդստանի աշխատավորական կուսակցությունը 1984-ից պայքարում է Թուրքիայի տարածքում քրդական ինքնավարության համար: Ի տարբերություն մյուս եվրոպացիների՝ Մեծ Բրիտանիան շատ ավելի հանդուրժող և ջերմ է վերաբերվում Էրդողանին: Գալիպոլիի ճակատամարտի՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Դարդանելի նեղուցների պատերազմում, հաղթանակի 100-ամյակը Էրդողանի հետ միասին նշեցին Մեծ Բրիտանիայի արքայազն Չառլզն ու Հարրին, որ նվազագույնը տարօրինակ էր՝ թուրքական բանակը պարտության էր մատնել անգլիացիներին ու այդ պարտությունը, բացի հարյուրավոր զոհերից ու վիրավորներից, դարձել էր ՈՒինստոն Չերչիլի՝ այդ ժամանակ ռազմական նախարարի հրաժարականի պատճառ: Մեծ Բրիտանիան չի ցանկանում Թուրքիայի հետ կամուրջներն այրել:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ